Երևանում հայտնաբերվել են ապօրինի գործող խաղասրահներ

25.10.2016, 17:19
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր:
Երևանում հայտնաբերվել են ապօրինի գործող խաղասրահներ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, հանցագործությունների դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակում, Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո, առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր:

 - рис.1

Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում՝ թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ:

Բացի այդ, կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը:

 - рис.2

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շահումով խաղերի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մաս):

Ընթանում է նախաքննություն:–0–