Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետ է նշանակվել

07.06.2017, 14:46
Նախօրերին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գայանե Սողոմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չորեքշաբթի ստորագրել է Աննա Համլետի Ստեփանյանին  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ նշանակելու մասին հրամանը:

Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:  Նախօրերին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր այդ պաշտոնը 2009 թ-ի հոկտեմբերի 5-ից զբաղեցնող Գայանե Սողոմոնյանը:

Աննա Ստեփանյանը ծնվել է Երևանում 1971թ-ին,  1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

Նա 1993-1996թթ-ին աշխատել է մաթեմատիկայի ուսուցիչ Երևանի թիվ 77 դպրոցում,1996-2008թթ-ին եղել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և մաթեմատիկայի ուսուցիչ Երևանի թիվ 83 դպրոցում: 2008թ.-ից մինչև 2017թ. հունիսի 7-ը Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն է, 2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 2 դուստր:-0-