Տավուշում զոհված զինծառայողը մարզիկ էր. 8 ամիս առաջ էր զորակոչվել

11.10.2017, 15:49
«Եթե հետ չգամ, իմացեք հանուն իմ հողի չեմ եկել ու հանուն ձեր հանգստության», – ասել էր զոհված զինծառայողն ընկերներին։
Տավուշում զոհված զինծառայողը մարզիկ էր. 8 ամիս առաջ էր զորակոչվել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երեկ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա զինծառայող Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։ Նույն օրը ժամը 21:00-ին գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:

Գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանի խոսքով, զինծառայողը 8 ամիս է, ինչ զորակոչվել էր բանակ, և այդ ընթացքում հասցրել էր բազմաթիվ գովասանագրեր ստանալ ղեկավարության կողմից, հաղորդում է armtimes–ը։

«Շատ լավ երիտասարդ էր, զորամասում, որտեղ ինքը ծառայում էր, խումբ էր բացել և պարապում էր զինծառայողների հետ»,- նշել է գյուղապետն ու ավելացրել, որ զինծառայողի մայրն այժմ Եվրոպայում է բնակվում:

Ինչպես հաղորդում է Yerkir.am–ը, վկայակոչելով զոհված զինծառայողի մտերիմ ընկերներից մեկի խոսքերը, Չապլինին բոլորը ճանաչում, մեծ ու փոքր` բոլորը հարգում էին:

«Նա միշտ ժպիտով էր, ինչ էլ եղած լիներ, միշտ ժպտում էր, ցավը ժպիտի տակ էր պահում: Դասարանի ժպիտն էր, հենց դուռը բացում էր, բոլորս՝ ուսուցիչ, թե աշակերտ, նրան տեսնում՝ ժպտում էինք»,-  նշել է նա։

Նրա խոսքով՝ Չապլինը հաջողություններ էր գրանցել բազկամարտում, բանակում էլ լավ մարզավիճակում էր։

Նա 20 օր առաջ էր եկել արձակուրդ:

«Նպատակները շատ էին, ասում էր` գնալու եմ ծառայեմ, անպայման հետ գամ, շատ անելիք ունեմ, բայց եթե չգամ էլ՝ իմացեք հանուն իմ հողի չեմ եկել ու հանուն ձեր հանգստության»,-  ասել է Չապլինի ընկերը: –0–