ՊՆ. ապրիլյան պատերազմի օրերին բանակում անորակ վառելիքի մասին վարչապետի խոսքերը հանվել են կոնտեքստից

03.03.2017, 21:00
Բանակում անորակ վառելիքի մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը հանվել են կոնտեքստից, լրագրողներին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ՊՆ. ապրիլյան պատերազմի օրերին բանակում անորակ վառելիքի մասին վարչապետի խոսքերը հանվել են կոնտեքստից
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բանակում անորակ վառելիքի մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը հանվել են կոնտեքստից, լրագրողներին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Չորեքշաբթի ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում Կարապետյանը հայտարարել է, որ 2016 թ.–ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատ որակի վառելիքի պատճառով։

«Կոնտեքստից հանելով խոսքերը` մեկնաբանություններ են արվում։ Վարչապետի խոսքերը շատ ակտուալ էին և կենսական։ Նրանք վերաբերում էին պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ», – ասաց Սարգսյանը լրագրողներին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում։

Նա ավելացրեց, որ որպես պաշտպանության նախարար մեծապես կարևորում է վարչապետի այդ մոտեցումը, քանի որ իրականում Պաշտպանության բանակն, իրականացնելով պատշաճ վերահսկողություն վառելիքի ձեռքբերման հարցում, միշտ մեծ հույսեր է դնում նաև այն մասնավոր պաշարների վրա, որոնք որպես պետական ռեզերվ տրվել են մասնավոր մատակարարներին, և արտակարգ իրավիճակների դեպքում կարող են հարկավոր լինել բանակում օգտագործման համար։ «Եվ եթե մենք վստահ չլինեինք այդ վառելիքի որակի հարցում, ապա դա կարող էր խնդիրներ առաջացնել», – ասաց Սարգսյանը։

Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ -0-