ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մանուկ Միսակյանը, ով ավելի քան հինգ ժամ գտնվում էր վերամբարձ կռունկի վրա և սպառնում էր ցած նետվել, վերջապես իջել է այնտեղից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։
Նրան ուղեկցել է ԱԻՆ աշխատակիցը, ինչից հետո նա ընկերների հետ հեռացել է։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ Աիդա Թարոյանը, Միսակյանի հետ զրուցել է նրա ընկերը, ում հաջողվել է համոզել նրան ցած իջնել։
«Կարևորն այն է, որ նա զգացել է, որ ընկերները նրա հետ, աջակցում են։ Միսակյանին առաջարկվել են նաև իրեն հուզող խնդրի լուծման տարբերակներ», – նշեց Թարոյանը։
56–ամյա Մանուկ Միսակյանն ուրբաթ կեսօրին բարձրացել է Խանջյան փողոցի Jose ժամանցային կենտրոնի մոտակայքում գտնվող վերամբարձ կռունկի վրա և փորձում է ինքնասպան լինել։ Միսակյանի կնոջ` Թամարա Ղազարյանի խոսքով, Միսակյանը նման քայլի է դիմել ֆինանսական խնդիրների պատճառով։ Նրան հարկավոր է 1 մլն դրամ։ Ավելի ուշ նա ավելացրել է գումարը` պահանջելով 3 մլն դրամ և խնդրել է վարկ տրամադրել բանկում։
Թարոյանի խոսքով, Միսակյանի բարոյահոգեբանական վիճակը կայուն չէ մի քանի ժամ շարունակ վերամբարձ կռունկի վրա անցկացնելուց հետո։
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր խնդիրների լուծման ուղիները։ Կոռեկտ չէ խոսել այն մասին, որ նա ձևացնում էր», – նշեց Թարոյանն ու ավելացրեց, որ ԱԻՆ–ը վերահսկողության տակ է պահում իրավիճակը։
Նա նաև ձեռնպահ մնաց նշելուց, թե ուր տարան Միսակյանին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում