ԿԳ նախարարի և «Այբ» դպրոցի միջև դիմակայությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/.ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և «Այբ» դպրոցի միջև դիմակայությունը շարունակվում է։ Նախարարը հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ։
Ավելի վաղ «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանել է էլիտար դպրոցների մասին նախարարի հայտարարությանը։ Մասնավորապես, մայիսի 20–ի իր ելույթում նախարարն անդրադարձել է կառավարության կողմից ֆինանսավորվող մի շարք ուսումնական նախագծերին` նշելով. «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։
Դպրոցի մամուլի ծառայությունն իր հայտարարության մեջ նշել է, որ նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով, քանի որ «Այբ» դպրոցը որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։
«Այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը («Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, խմբգր.) հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է», – գրել է Հարությունյանը Facebook–յան իր էջում։
«Արարատյան բակալավրիատ» հայալեզու ծրագիրն ուղղված է մրցունակ դպրոցական կրթության ստեղծմանը բոլոր հայ երեխաների համար։ Նախագիծը ստեղծվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի ոլորտում։
«Այբ» դպրոցը բացվել է 2011 թ.–ին «Այբ» կրթական հիմանդրամի կողմից հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանի ոչ պետական սեկտորի առաջին սոցիալական նախագիծն է, և նրա աշակերտների մոտ 70%–ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման ծախսերի փոխհատուցում)։ «Այբ» դպրոցն ունի կրթական 12–ամյա համակարգ` ուսման եռաստիճան ձևաչափով`տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ։ –0–