Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը՝ Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:
Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը ևս, մասնավոր հատվածի հետ գործակցությամբ, մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը:
Կարապետյանն ընդգծել է, որ պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Վարչապետը և Մոնտալպոն պայմանավորվել են ծրագրերի իրականացման գործում հետագա համագործակցությանն առնչվող հարցերը դիտարկել վարչապետի՝ առաջիկայում նախատեսված Գյումրի այցի շրջանակում: -0-