Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այցելել է հանրաճանաչ հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին

08.03.2017, 16:10
Կանանց մեկամսյակի ընթացքում ընկերության կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանց կհանձնվեն նվերներ ու անակնկալներ:
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այցելել է հանրաճանաչ հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 8-ին այցելել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին՝ մեկնարկելով հայ հայտնի կանանց այցելությունների շարքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով տիկին Շահիրյանի տաղանդն ու զգալի ավանդը մեր մշակույթի զարգացման գործում՝ մենք որոշեցինք կանանց մեկամսյակն սկսել նրա այցով։ Շնորհավորում եմ տիկին Շահիրյանին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ստեղծագործական հաջողություններ։ Հավելեմ, որ բաժանորդների խնդրանքով «Ռոստելեկոմի» հեռուստատեսության Ֆիլմադարանում տեղադրվել են հին ու նոր հայկական ֆիլմեր և ցանկը պարբերաբար համալրվում է», - նշել է Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» անունից տիկին Շահիրյանին հանձնվել է ընկերության Սմարթ OTT հեռուստատեսության սարքը՝ երեք ամիս անվճար դիտման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս դիտելու ժամանակակից հեռուստաալիքներ ամենուր, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստացույց։

 - рис.1

Ակցիայի մեկնարկը տրվել է մարտի 8-ին, և կանանց մեկամսյակի ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմի կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանց այցերի ընթացքում կհանձնվեն նվերներ ու անակնկալներ։ Անակնկալներ են նախատեսված նաև ընկերության բոլոր կին բաժանորդների համար։

««Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, ժպիտներ և նորանոր ձեռքբերումներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Էվելինա Շահիրյանը 1960-1967թթ․ աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969թ․ ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969թ-ից Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ։

Խաղացել է «Կտոր մը երկինք» (1980), «Կարինե» (1967), «Մորգանի խնամին» (1970) ֆիլմերում, ինչպես նաև կերտել է բազմաթիվ կերպարներ թատերական ներկայացումներոմ (Եվա՝ «Աստվածային կատակերգություն», Վարդուկ՝ «Սեր և ծիծաղ», Վալանտին՝ «Ուղևորն առանց ծանրոցի», Էլեոնորա՝ «Մսյո Ամիլկար», «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ», «Համլետ», «Մամա միա», «Սեր և ծիծաղ», «Չաո», «Անվերջ վերադարձ», «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի»)։

Էվելինա Շահիրյանի՝ բազմաթիվ պարգևների և կոչումների շարքում ամենապատվավորներից է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–