ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մշտական կապի մեջ է ՄԱԿ–ի հետ ղարաբաղյան իրավիճակի հարցով։ Այս մասին ՏԱՍՍ–ին է հայտնել ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Տիգրան Սամվելյանը։
«ՄԱԿ–ի համապատասխան կառույցներին իրազեկվել է իրավիճակի, Հայաստանի դիրքորոշման և հետագա քայլերի մասին։ Մենք նրանց հետ մշտական կապի մեջ ենք», – նշել է դիվանագետը։
Ավելի վաղ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում կոչ է արել «հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել զինված գործողությունները» և կատարել հրադադարի համաձայնագրի դրույթները։ Նա վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ–ի և բոլոր այն կողմերի ջանքերին, որոնք ձգտում են «բանակցությունների հիման վրա հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման»։
Ինչպես ՏԱՍՍ–ին հայտնել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներից մեկի դիվանագետը, ԼՂ–ի իրավիճակի հարցով հրատապ հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում։ ՄԱԿ–ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունից դեռևս չեն պատասխանել հետագա քայլերը մեկնաբանելու հարցին։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-