ՀՀ նախագահը պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ առկա լարվածությունը մեղմելու համար
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին երկրում տիրող լարվածությունը մեղմելու համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման։ Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը»,– նշել է ՀՀ նախագահը։
Նա կոչ է արել մ բոլորին ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:«Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով», – նշել է Արմեն Սարգսյանը։
Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–