ՀՀ արդարադատության նախարարությունը ծանուցում է տարածել հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար

21.04.2018, 16:21
ՀՀ ԱՆ–ն ծանուցում է հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիներին։
ՀՀ արդարադատության նախարարությունը ծանուցում է տարածել հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարությունը ծանուցում է տարածել հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար։

Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին», – հավելում են գերատեսչությունից։–0–