ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նոյեմբերի 21-ից Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:
Փոփոխության արդյունքում, Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ, Վաղարշյան փողոցով Դավիթաշենի կամրջի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների համար առկա ձախ եզրային 3-րդ գոտին նույնպես կառանձնացվի հետադարձի և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձի համար, իսկ Խաչատրյան փողոցով դեպի տվյալ խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիով, որի ձախ եզրային 2-րդ գոտուց կարելի կլինի կատարել հետադարձ կամ ձախ շրջադարձ դեպի Վաղարշյան փողոց:
Տրանսպորտային միջոցների երթևեկության խցանումներից խուսափելու նպատակով նշված խաչմերուկի հարակից հատվածներում՝ Խաչատրյան փողոցի վրա, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: -0-