«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները բոյկոտում են ՍԴ նոր անդամի ընտրությունները

13.06.2018, 11:51
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները բոյկոտում են ՍԴ նոր անդամի ընտրությունները:
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները բոյկոտում են ՍԴ նոր անդամի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/.  «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները բոյկոտում են ՍԴ նոր անդամի ընտրությունները։ Այս մասին տեղեկացրել են խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նիստի ժամանակ։

ՀՀ ԱԺ–ն մայիսի 4–ին կայացած ընտրությունների ժամանակ չկարողացավ այդ պաշտոնում ընտրել Էմիլ Բաբայանին։ Ինչպես նշել էր ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, 105 պատգամավորներից ընտրություններին մասնակցել է 54–ը, որից Էմիլ Բաբայանի թեկնածության օգտին է քվեարկել 51 պատգամավոր, երեքը` դեմ։

Սահմանադրության համաձայն, ՍԴ դատավորներին ԱԺ–ն ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդ ձայնով` 12 տարի ժամկետով։ ՍԴ–ն բաղկացած է ինը դատավորից, որից երեքն ընտրվում է Հանրապետության նախագահի առաջարկով, երեքը` կառավարության, երեքը` Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկով։ Դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարեկան։

ՍԴ–ում դատավորի նոր թեկնածու է Ելիզավետա Դանիելյանը։

«Հաշվի առնելով հասարակության մտահոգությունը` «Ելք» խմբակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին, որոնց արդյունքներով, հուսով ենք, դատավոր չի ընտրվի», – ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ երեկվա քննարկումների ժամանակ դատավորի թեկնածուն չտվեց հարցերի կոնկրետ պատասխաններ, ինչի արդյունքում նրանք ևս որոշել են չմասնակցել ընտրություններին։–0–