Արմավիրի մարզում 20–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն մարզի Տանձուտ գյուղի 20–ամյա բնակչին անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։
Ինչպես հաղորդում է Datalex դատական տեղեկատվական համակարգը, Զհար Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ.–ի նոյեմբերի 23–ին ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Գյուլիզար Ֆերոյանի հետ և նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ։
«Աղջիկը հղիացել է և գտնվելով 19-20 շաբաթական հղիության շրջանում 2015 թ.–ի սեպտեմբերի 29–ին դիմել է «Արմավիր ԲԿ» կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Զհար Միրզոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Ք.Օ 141–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Միրզոյանից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Դատավարությունը շարունակվում է։ –0–