ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացակայությունը պորտուգալացիների հետ խաղում կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայկական թիմի գրոհող ներուժի վրա, ասաց Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Հունիսի 13-ին տեղական ժամանակով 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ, հունիսի 9-ի երեկոյան մարզիկը մեկնել է ԱՄՆ հետազոտման:
«Յուրան միշտ գերազանց է խաղացել հայկական հավաքականի կազմում, սակայն վերջին խաղերին որոշակի պասիվություն է նկատվել նրա կողմից։ Ամեն դեպքում, սա մեծ կորուստ է Հայաստանի հավաքականի համար»,– ասաց Հովհաննիսյանը Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Ըստ նրա, «Սպարտակի» հարձակվողին կարող է փոխարինել «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը։
«Կարծում եմ, որ Սարկիսովը վատ չի խաղում և կարող է տհաճ անակնկալներ մատուցել պորտուգալացիներին։ Ամեն դեպքում, որոշումը մարզիչն է ընդունելու, քանի որ նա ավելի լավ գիտի, թե մարզիկներից ով է լավագույն մարզավիճակում»,– ասաց Հովհաննիսյանը։
Մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ գրոհող գիծն ավելի հուսալի կլիներ, եթե Մովսիսյանը դաշտ դուրս գար։
«Սակայն երեկ իմացա, որ Սարկիսովը գերազանց մարզավիճակում է։ Կարծում եմ` նա իր օգտակար գործողություններով կարող է օգնել մեր թիմին։ Ցանկացած դեպքում Յուրա Մովսիսյանի բացակայությունը մեծ կորուստ է հայկական թիմի գրոհող գծի համար, և մարզիչը պետք է օպտիմալ փոխարինում կատարի»,– ավելացրեց Թադևոսյանը։
Հայաստանի հավաքականն ընտրական փուլում մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստները չորս խաղ են անցկացրել` մեկ խաղով ավելի, քան սերբերը։
Խմբում ինը միավորով չորս խաղից հետո առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։ -0-