Հայ և վրացի գոլֆիստներն առաջին անգամ կպայքարեն Կովկասի Գավաթի համար
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ և վրացի գոլֆիստներն առաջին անգամ կպայքարեն Կովկասի գավաթի համար, որի խաղարկությունը կանցկացվի Վրաստանում մայիսի 23–24–ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար և գլխավոր մարզիչ Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա` դա թիմային խաղ կլինի։ «Յուրաքանչյուր թիմում կլինի 8–ական խաղացող։ Խաղի ձևաչափը կարելի կլինի վերցնել Ryder CUP–ից, որում Ամերիկան խաղում է Եվրոպայի դեմ։ Իսկ մեզ մոտ դա Caucasus Cup–ն է (Կովկասի Գավաթ)»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Գավաթի դրամական մրցանակային ֆոնդ չի լինի, քանի որ դա սիրողական խաղ է, ոչ թե պրոֆեսիոնալ մրցաշար։
«Հաղթողը կստանա գավաթ, որը Հայաստանից Վրաստան կտեղափոխվի։ Այն փոխանցիկ է, և ամեն տարի կմնա հաղթող թիմի մոտ»,– ասաց Հովհաննիսյանը։
Կովկասի Գավաթի կազմակերպիչներն են «Արարատ վալի քանթրի քլաբ» գոլֆ ասոցիացիան և Կաչրեթիում Ambasadori Golf Club–ը։
«Սա միանգաման նոր նախագիծ է` ուղղված տարածաշրջանում գոլֆի զարգացմանը։ Ի դեպ, Վրաստանում գոլֆ ակումբը բացվել է միայն անցյալ տարի, իսկ Հայաստանում այն գոյություն ունի 2005 թվականից, և այս տարի մենք արդեն 10 տարեկան ենք»,– ասել է հայկական թիմի գլխավոր մարզիչը, ով անձամբ կմասնակցի խաղին` որպես թիմի ավագ։ -0-