Մոսկվայի «Սպարտակն» Օզբիլիսին և Մովսիսյանին տրանսֆեր կանի. թերթ

04.05.2015, 16:51
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանը հրահանգել է 25–ամյա հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և 27–ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար զբաղվել նոր թիմի որոնումներով, հայտնում է «Իզվեստիան»։
Մոսկվայի «Սպարտակն» Օզբիլիսին և Մովսիսյանին տրանսֆեր կանի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանը հրահանգել է 25–ամյա հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և 27–ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար զբաղվել նոր թիմի որոնումներով, հայտնում է «Իզվեստիան»։

Թերթի տեղեկացմամբ, այսուհետ «Սպարտակը» բաց է ֆուտբոլիստների տրանսֆերի կամ նրանց վարձելու առաջարկությունների համար։

Թերթը հիշեցնում է, որ շաբաթվա սկզբին մամուլում հարցազրույց է հայտնվել, որը, իբր, տվել է Արազ Օզբիլիսը։ Կիսապաշտպանը, կարծես, պնդել է, որ շվեյցարացի մասնագետի որոշումը նրան երկրորդ թիմ փոխելու վերաբերյալ ընդունվել է ապրիլի 24–ին կապված է թուրքական արմատներ ունեցող Մուրատ Յակինի` հայ ազգի նկատմամբ ունեցած հակակրանքի հետ։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Օզբիլիսը հարցազրույցում նման բան չի ասել, ինչը հաստատել են և ինքը ֆուտբոլիստը, և խաղացողի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը։

Մոսկովյան ակումբի աղբյուրի հաղորդմամբ, Ֆեդունն այդ հարցազրույցի հայտնվելը կապում է «Սպարտակի» ևս մեկ բաժնետիրոջ` Ջևան Չելոյանցի սկզբունքային դիրքորոշման հետ, ով ի սկզբանե դեմ էր Մուրատ Յակինին թիմի մարզիչ նշանակելուն։

Բաժնետերն ակտիվ կողմ է հանդես գալիս Մուրատ Յակինի հրաժարականին և որպես «Սպարտակի» նոր մարզիչ առաջ է քաշում Դմիտրի Ալենիչևի թեկնածությունը, ով գլխավորում է Տուլայի «Արսենալը»։

Ինչպես «Իզվեստիային» պատմեց ակումբի աղբյուրը, Ֆեդունն անձամբ հանդիպել է Յակինի հետ և ևս մեկ անգամ հայտնել իր օժանդակության մասին։

«Սպարտակի սեփականատերը կարծում է, որ Յակինը վերջերս բարդ իրավիճակում էր երկրպագուների, ֆուտբոլիստների, ակումբի տնօրենների խորհրդի անդամների և ԶԼՄ–ների նեկայացուցիչների` իր աշխատանքի նկատմամբ մեծ ուշադրության պատճառով։ Շվեյցարացի մասնագետի վրա գործադրվող ճնշումը նրան խանգարում է կենտրոնանալ աշխատանքի վրա, իսկ ակումբի ղեկավարության օժանդակությունը շատ կարևոր է նրա համար այդ բարդ ժամանակահատվածում։ Առավել ևս, որ առաջիկայում են երկու կարևորագույն խաղեր սպարտակյան իր կարիերայում` սեփական դաշտում հանդիպումները Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «ԲԿՄԱ»–ի հետ»,– ասաց աղբյուրը։

Մուրատ Յակինին 2014 թվականի ամռանը «Սպարտակ» է հրավիրել անձամբ Լեոնիդ Ֆեդունը, մինչդեռ թիմի նախորդ մարզիչներ Միքայել Լուդրուպը և Ունաի Էմերին եկել էին Վալերի Կարպինի և Ռոման Ասխաբաձեի նախաձեռնությամբ։ Կարմրա–սպիտակների սեփականատերն առաջվա պես վստահում է իր հովանավորյալին և կարծում է, որ թիմը կարող է հաջողության հասնել իր գլխավորությամբ։

Ռուսաստանի առաջնությունում 25 տուրերից հետո Մոսկվայի «Սպարտակը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6–րդ տեղը և ակտիվում ունի 42 միավոր։ -0-