2015 թ.–ի օգոստոսի 2–13–ը Հայաստանում տեղի կունենան Համահայկական ամառային վեցերորդ խաղերը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ի օգոստոսի 2–13–ը Հայաստանում տեղի կունենան Համահայկական ամառային վեցերորդ խաղերը, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության նիստի ժամանակ, որի ընթացքում հավանության է արժանացել խաղերի կազմկոմիտեի կազմը։
Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում:
«Համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում: Մենք պետք է անենք ամեն ինչ` մարզիկների հանդիպումը հավուր պատշաճի կազմակերպելու համար», – ընդգծել է նա։
ՀՀ վարչապետը Համահայկական խաղերը համարել է Սփյուռքն ու Հայաստանը միավորող ամենահաջողված նախագծերից մեկը։
Համահայկական խաղերն անցկացվում են այնպիսի մարզաձևերով, ինչիպիսիք են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև աթլետիկան։
Մրցումներին հիմնականում մասնակցում են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանն ու Սփյուռքը։
Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել արդեն աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Համահայկական 5-րդ խաղերն անցկացվել են 2011 թվականի օգոստոսի 13-ին և տևել են մինչև օգոստոսի 21-ը։ Հինգերորդ խաղերն անցկացվել են «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ են նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
Առաջին Համահայկական ձմեռային խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել է մոտ 400 մարզիկ աշխարհի 11 երկրների 22 քաղաքներից։ Խաղարկվել է 13 կոմպլեկտ մեդալ` դահուկավազք, լեռնադահուկային, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերում։–0–