Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ռուսաստան

04.03.2014, 11:00
Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Այսօր ժամը 18:00-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում: Մարզումից առաջ ժամը 17:30-ին Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը նախապատրաստում է հենց Վարդան Մինասյանը: Հայաստանի ազգային հավաքականի հետ Կրասնոդար է մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով իր պաշտոնական պարտականությունները կստանձնի Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո:

Ի դեպ, մարտի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ուր մարզական հավաքի նպատակով հանգրվանել էր Հայաստանի ազգային հավաքականը, տեղի է ունեցել հավաքին հրավիրված ֆուտբոլիստների եւ Բեռնար Շալանդի առաջին հանդիպումը:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա վաղը` մարտի 5-ին, ժամը 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:-0-