Հայաստանը կկարողանա հաղթել իռլանդացիներին թիմային խաղի հաշվին. Պողոսյան
Ֆուտբոլի հայկական հավաքականը կկարողանա հաղթել իռլանդացիներին թիմային խաղի հաշվին, կարծում է չեմպիոն և «Արարատի» կազմում ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա ֆուտբոլային հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և դուրս կգան պատասխան խաղերի:
«Ֆուտբոլը միշտ հիմնվում է հավաքականության վրա... Անհրաժեշտ է, որ խաղացողները լրացնեն միմյանց»,- ասաց Պողոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա միաժամանակ նշեց, որ, անկասկած, շատ կարևոր են յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական ունակությունները:
«Այն, որ մեր պաշտպանական գծերն ավելի թույլ են, քան հարձակումը, մենք հասկանում ենք, տեսնում ենք, բայց արդեն հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ, և ես մեր տղաների հաղթանակի հույս ունեմ թիմային խաղի հաշվին: Կարևորը՝ սկզբում տանուլ չտալ, իսկ հարձակման առումով անհանգստանալու կարիք չկա, մեր տղաները սիրում են հարձակվել, երբ մենք նույնիսկ պարզապես ֆուտբոլ ենք խաղում, ամեն մեկը ձգտում է գոլ խփել»,- ավելացրեց նա:
Վետերանը միաժամանակ նշեց, որ պետք չէ տխրել հնարավոր անհաջողության դեպքում, «միևնույն է, մեր ֆուտբոլը ճիշտ ուղով է ընթանում»:
«Հայ երկրպագուն վաղուց է սպասել լավ, գեղեցիկ ֆուտբոլի, վերջապես, նա տեսավ դա: Մեր ֆուտբոլի որակի լավագույն ցուցանիշն այն է, որ վերջին խաղերի ընթացքում արդեն գրեթե հնարավոր չէ տոմս գտնել»,- ընդգծեց նա: -0-