Հայաստանի հավաքականի հարձակվող Մովսիսյանը լուրջ վնասվածք չի ստացել
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Սլովակիայի հավաքականի հետ կայացած հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել, հայտարարել է, որ վնասվածքը լուրջ չէ:
Հայաստան-Սլովակիա հանդիպման երկրորդ խաղակեսի վերջում Հայաստանի հավաքականի հարձակվող Մովսիսյանը վնասվածք ստացավ, ինչի պատճառով հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստիպված եղավ փոխարինել նրան:
Մովսիսյանի խոսքով՝ նա ջլաձգում է ստացել, և վերականգնումը երկար չի տևի, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-