ՀՀ ԱԳՆ. Մխիթարյանը պետք է անվտանգության երաշխիքներ ստանա, իսկ Բաքվի վերաբերմունքը երկրպագուների նկատմամբ ռասիզմ է

21.05.2019, 13:35
Մայիսի 29–ին Բաքվում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղն «Արսենալ»–ի և «Չելսի»–ի միջև։
ՀՀ ԱԳՆ. Մխիթարյանը պետք է անվտանգության երաշխիքներ ստանա, իսկ Բաքվի վերաբերմունքը երկրպագուների նկատմամբ ռասիզմ է
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Արսենալ»–ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն Ադրբեջանի կողմից, երեքշաբթի ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Մայիսի 29–ին Բաքվում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղն «Արսենալ»–ի և «Չելսի»–ի միջև։

«Եթե Ադրբեջանի կողմից անվտանգության համապատասխան երաշխիքներ լինեին, որոնք բավարարեին և Հենրիխ Մխիթարյանին, և նրա թիմին, ապա Հայաստանի ԱԳՆ–ն Բաքվում խաղին Մխիթարյանի մասնակցության խնդիր չի տեսնում»,– ասաց Նաղդալյանը։

Загружается новость ... "Право"

Նա նաև նշեց, որ Հայաստանի ԱԳՆ–ն մտահոգ է տարբեր աղբյուրների այն տեղեկություններով և փաստերով, որ Ադրբեջանն արգելել է հայ երկրպագուների մուտքը Բաքու։

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար նախկինում որդեգրած սկքբունքին` «սպորտը քաղաքականությունից դուրս է», առավել ևս, որ սպորտում ոչ մի տեղ չպետք է ռասիզմ կամ այլատյացություն դրսևորվի։ Այդ համատեքստում Ադրբեջանի կողմից ենթադրաբար հայկական արմատներով երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռասիզմի դրսևորում, և կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման մակարդակի միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»,– ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով, այդ ֆուտբոլային հանդիպման կազմակերպմամբ Ադրբեջանը կարողացավ ցույց տալ, որքանով է պատրաստ աշխատել խաղաղությանը երկու ժողովուրդներին պատրաստելու ուղղությամբ։
«Սակայն մենք ոչ միայն ոչ մի առաջխաղացում չտեսանք Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ, հակառակը, ակնհայտ են ռասիզմի դրսևորումները։ Մենք կբարձրացնենք այս հարցը միջազգային գործընկերների մոտ, սակայն փաստն ինքնին շատ ցավոտ է»,– ասաց Նաղդալյանը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Տագիզադեն խոստացել է երաշխավորել «Արսենալ»–ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում գտնվելու ընթացքում։ -0-