«Մանչեսթեր Յունայթեդն» ավելացրել է Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկվող գումարը

22.06.2016, 17:10
«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման համար առաջարկել է 28 մլն ֆունտ ստեռլինգ:
 «Մանչեսթեր Յունայթեդն» ավելացրել է Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկվող գումարը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման համար առաջարկել է 28 մլն ֆունտ ստեռլինգ (36.5 մլն եվրո)` նախկին 19 միլիոնի փոխարեն, հաղորդում է Mirror-ը:

Բանակցողներին մոտ կանգնած աղբյուրները կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանի և «Յունայթեդի» միջև գործարքը կկայանա: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 27-ամյա Մխիթարյանին անվանել է իր «թանկարժեք» նպատակներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դորտմունդի ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունները դեռ շարունակվում են: «Յունայթեդն» առաջարկել է Մխիթարյանի համար 25 մլն եվրո, սակայն Բորուսիան շարունակում է 40 մլն պահանջել:

27–ամյա Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը, և մտադիր է փոխել ակումբը։ Անգլիական ԶԼՄ–ները նշում են, որ «Մանչեսթեր Յունայթեդից» բացի, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»։

Նախորդ սեզոնի ընթացքում Մխիթարյանն ակումբային մակարդակում մասնակցել է 52 հանդիպման` դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.de պորտալը Մխիթարյանին գնահատում է 30 մլն եվրո։ –0–