Աշխարհի հայությունը կընտրի «Տարվա լավագույն հայ մարզիկին»

23.01.2017, 20:28
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է մշակել տարվա լավագույն հայ մարզիկի ընտրության մեխանիզմ։

Աշխարհի հայությունը կընտրի «Տարվա լավագույն հայ մարզիկին»
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է մշակել տարվա լավագույն հայ մարզիկի ընտրության մեխանիզմ։

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է և նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները:

Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նախորդ տարվա վերջին նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների և մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները», - նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Միևնույն ժամանակ նախարարությունը շարունակելու է խրախուսել մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին։ -0-