Ըմբիշ Միհրան Հարությունյանը` Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարի ոսկե մեդալակիր

28.12.2015, 12:47
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարում:
Ըմբիշ Միհրան Հարությունյանը` Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում: 

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ–ը, միջազգային հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 26-27-ը Մոսկվայում, հայ ըմբիշը ներկայացել է 71 կգ քաշային կարգում:

 «Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից», – ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հարությունյանը:

  Նրա խոսքով` միայն եզրափակչում է իրեն հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
 
«Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կորոշենք Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ»,– ավելացրել է Հարությունյանը։

Նա շնորհակալություն է հայտնել իր անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, մարզիչներ Արամ Սարգսյանին և Սամվել Գևորգյանին:

«Հաղթանակս նվիրում եմ աղջկաս՝ Մոնիկային», – եզրափակել է Հարությունյանը։–0–