ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել իր և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Զինեդին Զիդանի միջև աշխարհի 2006 թ.–ի առաջնության եզրափակչում, երբ Մարկոյի խոսքերին ի պատասխան` Զիդանը գլխով հարվածել է Մատերացիի կրծքավանդակին և դրա պատճառով հեռացվել խաղադաշտից, հաղորդում է
gazeta.ru–ն։
Հանդիպումն ավարտվել է Իտալիայի հավաքականի հաղթանակով` 11–մետրանոց հարվածաշարի արդյունքում ։
«Հիմարություն եմ ասել, սակայն արժանի չէի նման արձագանքի։ Հավատացե՛ք, Նեապոլի, Միլանի, Հռոմի կամ Փարիզի փողոցներում կարելի է լսել շատ ավելի վատ հայհոյանքներ», – նշել է իտալացի ֆուտբոլիստը։
Նա նշել է, որ չի վիրավորել Զիդանի մորը։
«Վիրավորե՞լ մորը։ Մայրս մահացել է, երբ 15 տարեկան էի, և ես երբեք չէի վիրավորի մեկ ուրիշի մորը։ Խոսել եմ քրոջ մասին։ Թեև, հիմա դա արդեն կարևոր չէ։ Ես ոչ մեկից վիրավորված չեմ», – իտալացու խոսքերը մեջբերում է Football-Espana–ն։–0–