Լևոն Արոնյանն ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ Շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում

10.03.2016, 12:10
Մոսկվայում մարտի 10-ին մեկնարկում է Շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Լևոն Արոնյանն ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ Շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում մարտի 10-ին մեկնարկում է Շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանն ուժերը կչափի Նիդեռլանդները ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրիի հետ։ Առաջին տուրի մնացած զույգերն են Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր (երկուսն էլ` Ռուսաստանից), Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա (երկուսն էլ` ԱՄՆ–ից), Վիշի Անանդ (Հնդկաստան) -Վեսելին Տոպալով (Բուլղարիա):

Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին տուրը կլինի մարտի 11-ին: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:–0–