Լևանդովսկի. Հայաստանի հետ հանդիպումը դժվար կլինի մոռանալ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին ԱԱ-2018-ի ընտրական փուլի 3-րդ տուրում հաղթանակ պարգևեց իր ազգային թիմին Հայաստանի հետ խաղում:
Մյունխենի «Բավարիայի» հարձակվողն իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ, գրում է armsport–ը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զիջեց լեհերին հանդիպման վերջին վայրկյաններին>>
«Առաջին հերթին, վայելում ենք հաղթանակը: Շատերը կարծում էին, որ ոչ-ոքի կլինի, սակայն կարողացանք հաղթանակ կորզել վերջին պահին: Միշտ պետք է հավատալ և գործել մինչև վերջ: Հանդիպմանը չպետք է մոտենալ 95 % պատրաստ լինելով, պետք է 100 % պատրաստ լինել», – նշել է նա։
«Դժվար կլինի մոռանալ այս հանդիպումը: Մրցակիցը քիչ հնարավորություններով գրոհում էր և նույնիսկ պահեր ուներ: Մի կողմից ուրախ եմ, որ հաղթեցինք, մյուս կողմից՝ զայրացած: Խմբում բարդ իրավիճակ է և յուրաքանչյուր խաղում պետք է ձգտենք 3 միավոր վաստակել»,- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է «aczynaspilka.pl»-ն:–0–