ՀՀ վարչապետը` Արոնյանին. Լևո՜ն ջան, կեցցե՜ս, հիանում ենք քեզանով

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Facebook–յան իր էջում հիացմունքի խոսքեր է գրել հայ գրոսմայստեր, Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հասցեին։
«12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր... Լևո՜ն ջան /Levon Aronian/, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր են երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս», – մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախօրեին նվաճեց Աշխարհի գավաթը։ Թայ–բրեյքում Արոնյանը հաղթեց չինացի գրոսմայստեր Դին Լիժենին 2։0 հաշվով։
Արոնյանն ապահովեց նաև 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Նշենք նաև, որ Արոնյանն արդեն մեկ անգամ նվաճել է աշխարհի գավաթը` 2005 թվականին։ –0–