«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել. ինչ է հայտնի

13.08.2024, 12:13
«Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորը մահացել է
«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել. ինչ է հայտնի

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկություններով՝մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։ Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցվել է Քննչական կոմիտե։

«Ահազանգ ունենք, որ սիրտ-անոթային անբավարարվածությամբ օտարերկրացի են տեղափոխել հիվանդանոց, որը մահացել է։ Մենք փաստաթղթերն ու ահազանգը փոխանցել ենք Քննչական կոմիտե»,- նշեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։