Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն արձագանքել է շների կողմից մեքենան հոշոտելու դեպքին

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը պարզաբանում է ներկայացրել բակում կայանած մեքենայի՝ մի խումբ շների կողմից հոշոտվելու մասին:
««Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ֊ն այսօր ահազանգ էր ստացել Երևանի բնակչից այն մասին, որ թափառող շների մի խումբ վնասել է բակում կայանած իր մեքենան։ Ահազանգին ընթացք է տրվել և դեպքի վայր է ժամանել ՀՈԱԿ֊ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը՝ աշխատակիցների հետ միասին՝ մանրամասներին ծանոթանալու համար»,- նշվում է Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժած մեքենայի սեփականատիրոջ խոսքով, տեսանյութում երևացող շները ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։
«Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ։ ՀՈԱԿ֊ի տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-յան օգտատերերից մեկը իր սոցիալական էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ շներ հոշոտում իր մեքենան: -0-