Երևանում բացվել է ԱՊՀ-ում առաջին ինտերնետ-կենտրոնը` նախատեսված կույրերի համար

21.11.2011, 14:46
Երևանում բացվել է ԱՊՀ-ում առաջին ինտերնետ-կենտրոնը` նախատեսված կույրերի համար

Երկուշաբթի Երևանում բացվել է ԱՊՀ տարածքում առաջին ինտերնետ-կենտրոնը, որը նախատեսված է կույրերի և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար, հաղորդում է telecom.arka.am հայկական հեռահաղորդակցական պորտալը:

Այս նախագծում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 100 հազար դոլար:
Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, կենտրոնը բացվել է «Ինտերնետ կույրերի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայփոստ» ՓԲԸ-ի, ISOC Armenia-ի (Internet Society – Ինտերնետ հասարակություն) և UNESCO-ի կողմից:

«Կենտրոնում տեղադրված է 15 ժամանակակից համակարգիչ Բրայլի ստեղնաշարերով և հատուկ ծրագրերով, որոնք թույլ են տալիս կույրերին ընթերցել ռուսերեն և անգլերեն տեքստեր: Բացի այդ, «Արևիկ» պետական ծրագրի օգնությամբ նրանք կկարողանան ընթերցել նաև հայերեն տեքստեր», - ասել է նախարարը:

Նրա խոսքով` կույրերը կարող են այցելել կենտրոն և օգտվել ծառայություններից բացարձակապես անվճար: Կենտրոնի երկու աշխատակից կօգնեն այցելուներին տիրապետել համակարգչից օգտվելու հմտություններին, բացի այդ ժամանակ առ ժամանակ կանցկացվեն հատուկ ուսումնական դասընթացներ կույրերի համար:

Էլեկտրակապի միջազգային միության (International Telecommunication Union, ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ, UNESCO-ի կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի ներկայացուցիչ Կաոլին Ցզյաոն իր հերթին նշել է, որ ԱՊՀ-ում առաջին նմանատիպ կենտրոնի բացումը հենց Երևանում ավելորդ անգամ ապացուցում է լրջությունը, որով Հայաստանը ձգտում է դառնալ համաշխարհային ՏՏ-կենտրոն, ինչպես նաև ակնհայտ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է հանրապետությունը վերաբերվում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց խնդիրներին:
«Աշխարհում այսօր ապահովվում է ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց նմանատիպ կարիքների ընդամենը 10 տոկոսը, սակայն Հայաստանն այս տեսակետից տարեցտարի ավելի մեծ առաջընթաց է ապահովում», - ասել է նա:
Կենտրոնի տարածքը տրամադրել է «Հայփոստ» ՓԲԸ-ն, սարքավորումները` Էլեկտրակապի միջազգային միությունը: Կենտրոնն աշխատելու է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:-0-