Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը ձևավորվել է գունավոր լուսարձակներով

ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ձևավորման նախագծումն ու աշտարակի վրա լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացվել է հայկական «Դոմոսվետ» ընկերության կողմից:
Հեռուստաաշտարակի բարձրադիր հատվածներում էլ լուսարձակների տեղադրման աշխատանքները կատարել են աշտարակը սպասարկող «Հանրային հեռուստառադիոցանց» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Լուսարձակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են մեկ ամսում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 կվտ/ժամ է:
Այս տարի ՀՀ անկախության 20-ամյակը և Երևանի օրը կտոնվի սեպտեմբերի 21-ին: -0-