Հայաստանում աղանդներն ակտիվացրել են իրենց գործունեությունը. կառավարության ներկայացուցիչ
Հայաստանում աղանդավորների թիվը չի ավելացել, պարզապես նրանք առավել ակտիվ են սկսել գործել, հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:
«Ընդամենը 20 տարի է անցել այն պահից, երբ աղանդները հնարավորություն են ստացել Հայաստանում ազատ գործելու: Բնականաբար, սկզբում աղանդավորների համար հարմարվողականության ժամանակահատված էր. նրանք ծանոթանում էին երկրի կրոնական միջավայրին, հարմարվում էին պայմաններին: Ավելի ուշ հետևեց աղանդների ձևավորման ժամանակաշրջանը, իսկ այսօր նրանց համար արդեն ակտիվանալու ժամանակն է եկել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ասցատրյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում դեռ աղանդավորների թվի հստակ վիճակագրություն չկա: «Հուսով եմ, որ ամեն ինչ կպարզվի Հայաստանի մարդահամարից հետո»,- ավելացրեց նա:
Հայաստանի հերթական մարդահամարը կանցկացվի 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ը: Մարդահամարի ընթացքում առաջին անգամ կօգտագործվեն հարցաթերթիկներ, որոնց մեջ ներառված կլինի քաղաքացիների կրոնական պատկանելությանը վերաբերող հարցը:
Ասցատրյանը նաև նշեց, որ Հայաստանում տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեության կարգավորման գծով համապատասխան օրենսդրություն չկա:
«Նաև բացակայում է այդ կազմակերպությունների անօրինական գործունեության դեմ պայքարի ռազմավարությունը»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Հայաստանում «անօրինական աղանդ» հասկացություն չկա, գոյություն ունեն կրոնական կազմակերպություններ, որոնց այս կամ այն գործողությունները կարող են անօրինական համարվել:
Այդ անօրինական քայլերից Ասցատրյանն անվանեց մարդու իրավունքների, առողջության և հասարակության բարոյականության, ինչպես նաև ազգային անվտանգության հանդեպ կանոնավոր ոտնձգությունները:
Բացի այդ, Ասցատրյանն ընդգծեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է առավելագույն չափով բավարարի քաղաքացիների հոգևոր պահանջները, քանի որ այդ դեպքում աղանդների համար բավարար տեղ չի մնա իրենց գործունեությունն ընդարձակելու համար:
«Կարծում եմ, որ ՀԱԵ գործունեությունը պետք է առավել ակտիվ լինի, եկեղեցին կարող էր ուսումնասիրել այն ոլորտները, որոնցում առավել ակտիվ են աղանդները, և ամրապնդվի դրանցում»,- ասաց նա:
Վերջում նա նշեց, որ պետությունը պետք է օրենսդրական մակարդակում կանոնավորի կրոնական կազմակերպությունների գործունեությունը: -0-