ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է ռուսաստանյան կայքերում դեպի Հայաստան ավիատոմսերի «կեղծ վաճառքի» մասին

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։
«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։
«Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։-0-