Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան առջև հայ համայնքը դիմակայում է ադրբեջանցիներին (ՎԻԴԵՈ)
17:20
17 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
Загружается новость ... "Лево"
«Ադրբեջանցիները ուզում են ՀՀ-ում սահմանային սրացումը ներկայացնել որպես Հայաստանի կողմից ագրեսիվ ակտ և ամեն կերպ հետևում են այդ գծին։ Այս պատճառով նրանք ցույց են կազմակերպել։ Նրանք ձախողել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում այս թեմայով քննարկում կազմակերպելը, քանի որ առաջարկը 650 պատգամավորից ընդամենը 4-ն էր ստորագրել»,-ասել է նա։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-