Կանադայում, կարծես, գտել են 1950 թ.-ին ամերիկացիների «կորցրած» ատոմային ռումբը

06.11.2016, 13:41
Կանադայի նավատորմը կստուգի երկրի խաղաղօվկիանոսյան ափին միջուկային ռումբի հայտնաբերման մասին տեղեկությունը:
Կանադայում, կարծես, գտել են 1950 թ.-ին ամերիկացիների «կորցրած» ատոմային ռումբը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կանադայի նավատորմը կստուգի երկրի խաղաղօվկիանոսյան ափին միջուկային ռումբի հայտնաբերման մասին տեղեկությունը, հայտնում է Guardian-ը:

Ավելի վաղ կանադական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայդա-Գուաի արշիպելագի շրջանում ջրասուզորդ Շոն Սմիրիչինսկին գտել է մի օբյեկտ, և նրան թվացել է, թե դա ՉԹՕ է: Տեղի բնակիչները ենթադրել են, թե տղամարդը գտել է 1950 թվականին անհետացած Mark 4 ամերիկյան միջուկային ռումբը:

1950 թվականի փետրվարին ԱՄՆ ՌՕՈՒ B-36 ռմբակոծիչն այդ տարածաշրջանում մարզական առաքելություն էր իրականացնում: Ինչ-որ պատճառով ինքնաթիռի վեց շարժիչներից երեքը բռնկվել են: Անձնակազմը ստիպված է եղել նետել օդանավում գտնվող ռումբը Խաղաղ օվկիանոս և լքել ինքնաթիռը: ԱՄՆ ՌՕՈԻ տվյալներով, ռումբը զինված չի եղել պլուտոնի լիցքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուսումնասիրելով համացանցում Mark 4-ի լուսանկարները՝ ջրասուզորդը որոշակի նմանություն է գտել ջրի տակ հայտնաբերած օբյեկտի հետ: Գտածոյի մասին նա հայտնել է Կանադայի պաշտպանության նախարարություն:

Զինվորականները պատրաստակամություն են հայտնել քննել այդ հայտարարությունը, առաջիկա օրերին գտածոյի վայր կուղարկվի Կանադայի ՌԾՆ նավը: Մասնագետները պետք է պարզեն, արդյո՞ք, զինամթերքը սպառնալիք է ներկայացնում և արժե այն դուրս բերել ցամաք: -0-