ՀՀ-ում COVID-19-ի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, բայց առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշվում է ԱՆ Facebook-յան էջում:
«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել»,- նշել է Թորոսյանը:
Նա հայտնել է, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա:
«Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,- նշել է Արսեն Թորոսյանը: -0-