ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ սենատը հավանություն է տվել ամերիկացի տիեզերագնացներին Մարս ուղարկելու մասին օրինագծին: Փաստաթղթում նշվում են առաքելության ժամկետներն ու ֆինանսավորման ծավալը: Փաստաթղթի տեքստին կարելի է ծանոթանալ Կոնգրեսի վերին պալատի
կայքում, գրում է
lenta.ru-ն:
Դեպի Կարմիր մոլորակ կատարելիք պիլոտային առաքելության բյուջեն կազմում է 19.5 միլիարդ դոլար: Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ի առաջին քաղաքացին Մարսի վրա պետք է հայտնվի առաջիկա 25 տարիների ընթացքում: Դրա համար գործակալության գործընկերները ստեղծում են Orion կառավարվող տիեզերանավ և SLS (Space Launch System) գերծանր հրթիռ:
Ընդունված օրինագծում առաջին անգամ օրենսդրորեն ամրագրված է Միացյալ Նահանգների՝ մարդուն Մարս ուղարկելու մտադրությունը:
ԱՄՆ-ի տիեզերական ծրագիրը բազմիցս փոփոխություններ է կրել, որոնք, մասնավորապես, կապված են եղել նախագահի վարչակազմի դիրքորոշման հետ: Մասնավորապես, դեմոկրատ Բարաք Օբաման իր ընտրվելուց հետո որոշում էր կայացրել փակել Constellation ազգային լուսնային ծրագիրը, որի իրագործումը սկսվել էր հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման օրոք: -0-