«Հաց հանապազօրյա». մահացել է մարդկանց անվճար հաց բաժանող Մամուդ Շավերշյանը

12.07.2019, 10:56
Մոսկվայի բնակիչ Մամուդ Շավերշյանի անունը հայտնի է դարձել երկրով մեկ երեք տարի առաջ
 «Հաց հանապազօրյա». մահացել է մարդկանց անվճար հաց բաժանող Մամուդ Շավերշյանը
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի բնակիչ և, այդ թվում, Ստրունինո գյուղում մի քանի պարենային խանութների սեփականատեր Մամուդ Շավերշյանի անունը հայտնի է դարձել երկրով մեկ երեք տարի առաջ, երբ լրագրողները, սկզբում` տեղի, այնուհետև նաև` դաշնային, պատմել են նրա բարեգործության մասին։

Ինչպես հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդա–ն, տասը տարի Մամուդ Շավերշյանն անվճար հաց էր բաժանում իր խանութներում` կենսաթոշակառուներին, անապահովներին, հաշմանդամներին։ Տեղեկանքներ չէր պահանջում, քաղաքը փոքր է, և բոլորն էլ գիտեն, թե ով ինչպես է ապրում։ Անվճար հացի համար հերթեր էին գոյանում, մարդիկ շնորհակալություն էին հայտնում, երբեմն արցունքներն աչքերին։

Նրանից հետո, երբ Մամուդի մասին գրեցին դաշնային ԶԼՄ–ները, բացասական արտահայտություններ էլ հայտնվեցին, թե իբր «դա կառավարությունն է նրան հրամայել հաց բաժանել, իսկ ինքը բուխանկայի կեսն իրեն է թողնում»։ Բայց Մամուդն ուշադրություն չէր դարձնում չար լեզուներին և շարունակում էր անել իր գործը։ Ասում էր, որ իր պապը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, պատգամել էր ամեն օր բարի գործ անել։

Մամուդ Շավերշյանը մահացավ նախօրեին` հուլիսի 11–ին, այդ մասին հայտնել է Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանը։ -0-