Երկրաբանները հրաբխի աղետալի ժայթքում են կանխատեսել

08.08.2019, 21:14
ԱՄՆ–ի երկրաբանական ծառայության տվյալներով, ապագայում կարող է տեղի ունենալ հավայան Կիլաուէա հրաբխի աղետաբեր ժայթքում։
Երկրաբանները հրաբխի աղետալի ժայթքում են կանխատեսել
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի երկրաբանական ծառայության տվյալներով, ապագայում կարող է տեղի ունենալ հավայան Կիլաուէա հրաբխի աղետաբեր ժայթքում։ Որպես պատճառ նշվում է խառնարանի ստորին հատվածում ջրի առկայությունը։ Այդ մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, հայտնում է Live Science պարբերականը։

Դիտարկումները ցույց են տվել, որ խառնարանում կուտակված ջուրն անհայտ խորության երեք ջրամբար է ստեղծել, որոնցից ամենամեծն ունի 11–ից 14 մետր լայնություն։ Ջրհորները գոյացել են ժայռերի ճեղքերի շնորհիվ, որոնցով ջուր է հոսում։ Նախորդ տարի Կիլաուէայի խոշոր ժայթքումները հանգեցրել են նրան, որ խառնարանն իջել է 300 մետրով, ինչի հետևանքով ենթարկվել է գրունտային ջրերի ազդեցությանը։

Մասնագետների կարծիքով, վաղ թե ուշ ջրհորները կմիավորվեն` վերածվելով լճի։ Ժայթքման ժամանակ բարձրացող մագման կուտակված ջուրը կգոլորշիացնի` միաժամանակ պայթյուն առաջացնելով, որն օդ կարտանետի մեծ թվով հանքապարներ և մոխիր։ Մագմայի ծավալն էլ կարող է աճել գազի բազմաթիվ պղպջակների հետևանքով, ինչը կավելացնի պայթյունի ուժը։ Կարող է տեղի ունենալ սցենարներից յուրաքանչյուրը կամ նույնիսկ երկուսի կոմբինացիան։

Չնայած աղետալի ժայթքման մեծ հավանականությանը` քիչ հավանական է, որ այն տեղի ունենա մոտ ապագայում, քանի որ այս պահին ջրամբարների ջուրը քիչ է։ -0-