ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր. բոլորն էլ ժամանել են Վրաստանից։
«ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 18 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից երկուսի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ, մեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի եւ կոկորդի շրջանում»,- ասցում է հաղորդագրության մեջ:
Իսկ "Զվարթնոց" օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։
Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում