Որո՞նք են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը

19.01.2022, 13:11
Ներկայացնում ենք կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը
Որո՞նք են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը։

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում՝ առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ և գոտկատեղի ցավ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:–0–