ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մարտ ամսին եզակի ծնունդ են ընդունել․ վիրահատական սեղանին 220 կգ կշռող կին է հայտնվել։ Այս մասին հայտնում է volgograd.kp.ru-ն։
Այդ կինը վաղուց է տառապում ավելորդ քաշից և նույնքան վաղուց էլ երազում է երեխայի մասին։ Երբ բժիշկներն իմացել են նրա հղիության մասին, միանգամից հսկողության տակ են առել։ Նա կարողացել է երկարաձգել հղիությունը, չնայած՝ այն այնդքան էլ հեշտ չի անցել՝ կնոջ հիվանդության ֆոնին։
Մարտի 18-ին կնոջը վիրահատել են։ Բժիշկները վիրահատությանը նախօրոք են պատրաստվել․ մասնագետներ էին հրավիրել այլ բուժհաստատություններից։ Տեխնիկապես դժվար և եզակի վիրահատությունն իրականացվել է բժիշկների ընդլայնված բրիգադով։
Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է անցել։ Լույս աշխարհ է եկել 2470 գ քաշով և 49 սմ հասակով աղջիկ։
Ներկայումս, մոր և նորածնի ինքնազգացողությունը բավարար է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։-0-