Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում

01.09.2021, 21:25
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում
Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Բաթի և Էդինբուրգի համալսարանների գենետիկների ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է Covid-19, շաբաթական մոտ մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում, այսինքն երկու անգամ ավելի հաճախ, քան ենթադրվում էր նախկինում: Այս մասին ասվում է Բաթի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է interfax–ը:

Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ կորոնավիրուսը հետազոտողները մինչ այժմ չեն նկատել բազմաթիվ մուտացիաներ և դրանք չեն սեքվենացրել և հաշվի չեն առել նոր շտամերի առաջացման արագությունը գնահատելիս: Նրանց կարծիքով, ավելի հաճախ անտեսվում էին «բացասական սելեկցիայի» օրինակները, երբ տեղի ունեցած մուտացիան վնասակար է հենց վիրուսի համար և նվազեցնում է գոյատևելու շանսերը: Մինչդեռ գիտնականների ուշադրությունը կենտրոնանում էր դրական սելեկցիայի օրինակների վրա, երբ նոր շտամն առավելություն էր ստանում հների նկատմամբ, օրինակ` ինչպես ավելի վարակիչ «դելտան»:

«Հետազոտությունը նաև հաստատեց, որ եթե անձը Covid-19- ով վարակված է մի քանի շաբաթից ավել, վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել նրա օրգանիզմում», – ասել է հետազոտության հեղինակներից մեկը ՝ պրոֆեսոր Լոուրենս Հիրստը:

Նա հիշեցրել է, որ այս կերպ ի հայտ է եկել կորոնավիրուսի ալֆա շտամը, որը համարվում է վիրուսի էվոլյուցիայի արդյունք այն մարդու ներսում, ով չէր կարող արագ ապաքինվել:

Համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ սա ապացուցում է երկար ժամանակ Covid-19- ով վարակված հիվանդների մեկուսացման անհրաժեշտությունը:

Ուսումնասիրությունն իրականացրել են Բաթի համալսարանի Միլների էվոլյուցիայի կենտրոնի և Էդինբուրգի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Մարդու գենետիկայի բաժնի աշխատակիցները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Genome Biology and Evolution ամսագրում:-0-