ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Facebook–ի ինժեներներն օգտագործել են «բոլգարկա», որպեսզի հասնեն սերվերներին և ձեռքով վերագործարկեն դրանք երկուշաբթի գրանցված մասշտաբային խափանումից հետո։ Այս մասին Twitter–ում գրել է The New York Times–ի` տեխնիկական թեմաների պատասխանատու Մայք Այզեկը` հղում անելով ընկերության միանգամից երեք աղբյուրի վրա, գրում է ՏԱՍՍ–ը։
Քանի որ Facebook–ի ցանցերի խափանումն ազդել էր նաև ներքին անցագրերի համակարգի վրա, մուտքի քարտերը ևս չէին աշխատում։ Դրա պատճառով որոշ աշխատակիցներ չէին կարողանում մտնել իրենց աշխատավայր։ Գործունեությունը վերսկսելու համար անհրաժեշտ էր ձեռքով վերագործարկել Կալիֆոռնիայի որոշ սերվերներ, սակայն դրան խոչընդոտում էին էլեկտրոնային փականները, և ինժեներները ստիպված էին օգտագործել «բոլգարկա»։
Նախնական վարկածով ներքին սխալից առաջացած խափանման հետևանքով ընկերության սոցիալական ցանցերն ու մեսենջերները գրեթե 6 ժամ չէին աշխատում։ Facebook–ի բաժնետոմսերի արժեքն առուվաճառքի փակման պահին նվազել էր 4,89%–ով` առուվաճառքի բացման ժամանակի համեմատ։–0–