Դանիացի միլիարդատերը կորցրել է երեք երեխաներին Շրի Լանկայի ահաբեկչությունների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Շրի Լանկայում հնչած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է Դանիայի երեք քաղաքացի, նախօրեին տեղեկացրել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Երեք քաղաքացիներն էլ Դանիայի ամենահարուստ գործարար Անդերս Հոլխ Պովլսենի երեխաներն են, հաղորդում է forbes.ru–ն` հղում անելով BBC–ին։
Ապրիլի 21–ին Շրի Լանկայի տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտակայքում և Դեմատագոդա շրջանում։ Որոտացած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290–ի, վիրավորների թիվը կազմում է մոտ 500։
«Ցավոք, մենք հաստատում ենք այդ տեղեկատվությունը։ Խնդրում ենք ձեզ հարգել ընտանիքի անձնական կյանքը, այդ պատճառով պատրաստ չենք մեկնաբանություններ տալ», – հայտարարել է ընկերության ներկայացուցիչը
Նշվում է, որ գործարարն ուներ 4 երեխա։
Պովլսենը Forbes–ի գլոբալ ցուցակում զբաղեցնում է 252–րդ տեղը` 6,4 մլրդ դոլար ունեցվածքով։ Forbes–ի տվյալներով, նա Դանիայի ամենահարուստ գործարարն է։ Նրա կապիտալի աղբյուրը Bestseller ընկերությունն է, որին են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Vero Moda–ն և Jack & Jones–ը։ Fashionnetwork–ի տվյալներով, միլիարդատիրոջն է նաև պատկանում Asos առցանց ռեթեյլերի բաժնետոմսերի 27%–ը և համացանցում առևտրով զբաղվող Zalando ընկերության բաժնետոմսերի 10%–ը։
Bestseller ընկերությունը հիմնադրել են գործարարի ծնողները 1975թ.–ին։ Պովլսենը, ով ընտանիքի ավագ որդին է, սկսել է կառավարել բիզնեսը 28 տարեկանում և դարձել է ընկերության միակ սեփականատերը։ Forbes–ի տվյալներով, Պովլսենը դոլարային միլիարդատեր է դարձել 2012թ.–ին, երբ 40 տարեկան էր։
Պովլսենը նաև Շոտլանդիայի խոշորագույն հողատերն է։ Նրան և կնոջը` Աննային, պատկանում է մոտ 200 000 ակր հողատարածք Շոտլանդիայի տարածքում։ The Guardian–ի տվյալներով, գործարարը նախատեսում էր վերականգնել և պահպանել այդ տարածքին բնորոշ վայրի բնությունը։–0–