Կորոնավիրուսը չի՞ ապրում մակերեսների վրա, ի՞նչ անել խանութի մթերքի հետ. գերմանացի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները

08.04.2020, 15:52
Կորոնավիրուսը չի՞ ապրում մակերեսների վրա, ի՞նչ անել խանութի մթերքի հետ. գերմանացի գիտնականների նոր ուսումնասիրությունը փոխում է COVID-19–ի փոխանցման մասին պատկերացումները
Կորոնավիրուսը չի՞ ապրում մակերեսների վրա, ի՞նչ անել խանութի մթերքի հետ. գերմանացի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի Հայնսբերգ քաղաքից վիրուսաբան Հենդրիկ Շտրեկի թիմի ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ փոխել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի փոխանցման ճանապարհների մասին պատկերացումները։

Մանրամասն ուսումնասիրելով Հայնսբերգ քաղաքում կորոնավիրուսով վարակված մարդկանց բնակարանները` գիտնականները եկել են այն եզրակացության, որ մակերեսների վրա կենսունակ վիրուսներ չկան, կան միայն ոչ կենսունակներ։

Նշենք, որ Հայնսբերգում համաճարակը սկսվել է ավելի վաղ, քան Գերմանիայի մնացած քաղաքներում և այնտեղ շատ հիվանդներ կան։

«Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում Սեչենովի անվան բժշկական համալսարանի Բժշկական պարազիտաբանության, արևադարձային և փոխանցվող հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը նշել է, որ դա կարող է դառնալ կարևոր բացահայտում համաճարակաբանության աշխարհում։

Հենդրիկ Շտրեկի թիմի վիրուսաբանները չեն գտել վիրուսի նշաններ դռան բռնակների, ծորակի կոճակների վրա։ Կենսունակ վիրուս չի հայտնաբերվել նաև այն տներում, որտեղ բոլորը եղել են վարակված։ Վարակման դեպքեր հաճախ գրանցվել են պարելու, մեծ թվով երեկույթների և տոնակատարությունների ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Ըստ Շտրեկի, անհնար է վարակվել վարսավիրանոցում, սուպերմարկետում, հագուստի խանութում։ Վիրուսաբանը տարակուսում է, թե ինչու սուպերմարկետներին թույլատրվում է աշխատել, իսկ վարսավիրանոցներին ու հագուստի խանութներին չի թույլատրվում։

Շտրեկը նաև տարակուսանք է հայտնում այն հարցի շուրջ, թե ինչու իր թիմի կողմից իրականացվող ուսումնասիրությունը (որի հիմնական նպատակներից է պարզել ախտանիշներ չունեցող հիվանդների թիվը, որոնք չեն հայտնվում մաթեմատիկական մոդելներում) չեն կատարել Ռոբերտ Կոխի դաշնային ինստիտուտում, որի ուղիղ պարտականությունն էր կատարել նման ուսումնասիրություն։

Վիրուսաբանը նաև նշել է, որ մոդելավորման դեպքում մենք ստանում ենք սխալ կանխատեսում, մաթեմատիկական մոդելն անպետք է։

Լուկաշևը կարծում է, որ որևէ հիմնավորում չկա չհավատալու նման փորձառու թիմի ուսումնասիրությանը։

«Ուսումնասիրությունը շատ կարևոր է վիրուսի համաճարակաբանությունը հասկանալու համար, այն իսկապես թույլ է տալիս բացառել վիրուսի փոխանցման որոշ ճանապարհները։ Չնայած, իհարկե, ես խորհուրդ կտայի դրսևորել զգուշություն և չդադարել լվանալ ձեռքերն ու հետևել հիգիենային։ Հնարավոր է`այս արդյունքները թույլ կտան մեզ վերանայել կոնկրետ միջոցներից մի քանիսը, որոնք մենք ձեռնարկում ենք վիրուսից պաշտպանվելու համար», – ասել է նա։

Նա նաև նշել է, որ ամեն դեպքում չի կարելի դրանք ամբողջությամբ բացառել։

«Ամեն դեպքում կան գործունեության բազմաթիվ ոլորտներ, որտեղ տեղի է ունենում մեծ թվով մարդկանց սերտ շփում` ռեստորաններ, սրճարաններ, վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ, որտեղ վիրուսի փոխանցումը հնարավոր է միայն մարդկանց սերտ շփման պատճառով։ Այդ պատճառով եթե անգամ բացառենք վարակված մակերեսների միջոցով վիրուսի փոխանցումը, ամեն դեպքում վիրուսը փոխանցվում է, եթե մարդիկ շփվում են մեկուկես մետրից պակաս հեռավորության վրա։ Եվ իմանալով դա` մենք չենք կարող միանգամից վերադառնալ նորմալ կյանքի», – պարզաբանել է նա։

Լուկաշևը մեկնաբանել է նաև ուսումնասիրությունն այն մասին, որ «Դայմոնդ Փրինցես» զբոսանավի համարներում վիրուսն ապրել է մինչև 17 օր։

Загружается новость ... "Право"

«Վիրուսը չի կարող ապրել 17 օր օրգանիզմից դուրս։ Նման ուսումնասիրություններ չեմ տեսել։ Կային որոշ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ վիրուսը կարող է յոթ օր գոյություն ունենալ որոշ մակերեսների վրա, սակայն դա էքստրեմալ պայմաններում։ Կարելի է վստահ ասել, որ կենցաղում մեկ օրում վիրուսի քանակը նվազում է բազմաթիվ անգամ, իսկ երեք օրում այն գրեթե անհետանում է», – նշել է նա։

Խոսելով սուպերմարկետի մթերքների մասին` փորձագետը նշել է, որ բավարար է լվանալ դրանք ջրով, «եթե ուզում եք, ապա կարող եք լվանալ օճառով»։

«Մթերքի վրա վիրուս կարող է լինել միայն այն դեպքում, եթե վարակակիրը մի լավ լպստել է դրանք։ Մթերքի միջոցով վարակվելու հավանականությունը չափազանց ցածր է։ Այդ պատճառով պետք չէ խուճապի մատնվել, ցուցաբերեք խելամիտ զգուշավորություն, այսինքն միմյանցից հեռավորություն պահպանեք», – ընդգծել է նա։

Լուկաշևը նաև նշել է, որ չինացի բժիշկը ճիշտ է, երբ ասում է, որ հիվանդ մարդն արտազատում է վիրուս ոչ միայն հազի կամ փռշտալու դեպքում, այլև խոսելիս։

«Եթե խոսենք դիմակների մասին, ապա հրապարակվել են մեծ թվով ուսումնասիրություններ դրանց արդյունավետության մասին։ Ամեն դեպքում հասարակ բժշկական դիմակը 100 տոկոսով չի պաշտպանում։ Սակայն այն բավականին արդյունավետ կանխում է վիրուսի փոխանցումը։ Եվ եթե անգամ դիմակները թույլ տան կանխել վարակի մեկ երրորդը, ապա դա ևս հիանալի արդյունք է։ Այդ պատճառով կարծում եմ, որ դիմակների համատարած օգտագործումը թույլ կտար ավելի արագ վերադառնալ սովորական կյանքի», – պարզաբանել է նա։

Ինստիտուտի տնօրենը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ վիրուսը փոխանցվում է կղանքի հետ, և այն կարող է արտազատվել հասարակական զուգարանում, եթե վիրուսակիրը չփակի զուգարանի կափարիչը։

«Վիրուսն իսկապես արտազատվում է կղանքի հետ (մեզին դա չի վերաբերում)։ Իհարկե, կարելի է պատկերացնել, որ կարող է կղանքից արտազատում լինել, սակայն նման բան հազվադեպ է լինում։ Եվ զուգարանի կափարիչը ոչ մի կապ չունի, ամեն դեպքում դա չի օգնի», – ասել է նա։ 

Ամփոփելով` Լուկաշևը նշել է, որ վիրուսի փոխանցման հիմնական ճանապարհն օդակաթիլային է։

«Այդ պատճառով հատուկ հեռավորությունն այսօր վարակը կանխելու ամենապարզ և հուսալի միջոցն է», – եզրափակել է նա։–0–