Այսօր գիշերն առատ «աստղաթափ» է սպասվում

13.12.2024, 14:16
Հայաստանի տարբեր շրջաններից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքը
Այսօր գիշերն առատ «աստղաթափ» է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։ 

Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում։ 

Այս երևույթները հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։ 

Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը:

Ասուպային այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի այսօր՝ դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 100 ասուպ մեկ ժամում (կատայալ մութ երկնքի պայմաններում)։ 

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, Հայաստանի տարբեր շրջաններից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքը, սակայն տեսանելիությունը կախված է եղանակային պայմաններից։

«Այսօր՝ պիկի գիշերը, համընկնում է Լուսնի 95֊96% լուսավորվածության հետ, որի լույսը կարող է խանգարել ասուպների լիարժեք տեսանելիությանը։ Ասուպային հոսքին կարող եք հետևել քաղաքային լուսավորությունից հեռու վայրից` սկսած 19:00-ից»,– նշեցին աստղադիտարանից։

Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ: 

Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: