ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 8-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում անցկացված հարսանիքից հետո թունավորվել են մի քանի տասնյակ ու հնարավոր է՝ ընդհուպ մինչև հարյուրավոր մասնակիցներ:
Ինչպես հայտնում է armtimes.com-ը, արարողության մի քանի տասնյակ ու հնարավոր է՝ ընդհուպ մինչև հարյուրավոր մասնակիցների մոտ հաջորդ օրվանից սկսած նկատվել է ինքնազգացողության վատացում, ջերմություն, լուծ, սրտխառնոց: Նրանց մի մասը դիմել է ստացիոնար բուժհաստատություններ, մյուսները բուժում են ստանում տնային պայմաններում:
Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ:
Պարզվել է, որ բոլորի մոտ գրեթե նույն ախտանշաններն են, ու վատացել է բացառապես այն մարդկանց ինքնազգացողությունը, որոնք օգտվել են «Կեսար» աղցանից:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:-0-